Ու՞մ է պետք թուլացնել Մատաղիսի ուղղությունը

Իրեն ֆոտոլրագրող հռչակած Գագիկ Շամշյանի մասին հանրային կարծիք, թե չեմ սխալվում, երբեք չեմ արտահայտել։ Խուսափել եմ։ Նախ համարելով, որ արժանի չէ, հետո, առաջնորդվելով այն սկզբունքով, որ շան դեմ հաչալով ու կծելով չեն պայքարում, և վերջապես՝ արհամարհելով։ Լռել եմ, երբ նա տարբեր դժբախտ պատահարների զոհ դարձած մարդկանց դիակների վրա «վարկանիշ» էր կառուցում, հետո լռեցի, երբ սկսեց հասարակական տարբեր խնդիրներ շահարկելով շոուներ կազմակերպել և անգամ այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմում խոցված հայկական զրահատեխնիկան ներկայացրեց իբրև ադրբեջանական և դրա վրա փորձեց ինչ֊որ մարդկանց PR կառուցել… Ես լռել եմ, բայց շատերն են խոսել, մատնանշել նրա բազում ստորությունները։ Ի վերջո, սակայն, կարծես թե բոլորս համակերպվել ենք այդ երևույթի «տեղեկատվական» գոյությանը, սկսել ընդհանրապես չնկատել նրան՝ դրանով իսկ, երևի թե, առիթ տվել, որ ավելի լայնացնի իր սև գործունեության ծավալները։ Հիմա արդեն Շամշյանը պտտվում է Հայոց Բանակի շուրջ՝ ցանցը լցնելով կեղտոտ նյութերով։

Հնարավոր է՝ Շամշյանի թեման նորից շրջանցեի, եթե չհանդիպեի մի քանի օր առաջ իր կողմից հրապարակած այս նյութին և դրան կից տեղադրված տեսանյութին։ «Ռեպորտաժը» վերաբերվում է վերջերս զոհված 20֊ամյա Նարեկ Գասպարյանի հիշատակին տեղադրված խաչքարին և ԵԿՄ կողմից զինվորի հոր և ծառայակից ընկերների պարգևատրմանը։ Միջոցառումը տեղի է ունեցել հուլիսի 15֊ին՝ Արցախի Հանրապետության Մատաղիս գյուղում։

Թվում է՝ մարդիկ լավ գործ են նախաձեռնել, անմահացրել են հերոսի հիշատակը, խաչքար տեղադրել… Իհարկե, ամեն ինչ շատ հապճեպ է արվել (տեսանյութում դա հստակ երևում է), անգամ՝ տպավորություն կա, թե հատուկ տեսանկարահանելու համար կազմակերպված միջոցառում էր, բայցևայնպես՝ լավ գործին պետք է լավ կոչել։ Եվ ուրեմն ի՞նչ կարիք կար սևացնել այդ ամենը կեղտոտ բամբասանքներով։ Ինչու՞ էր պետք Շամշյանին գրել, թե «զորամասի նորանշանակ հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը հայ սպային ոչ վայել վերաբերմունք ցուցաբերեց 20-ամյա հերոսի ընտանիքի նկատմամբ, անգամ չբարեհաճեց մոտենալ ու հետաքրքրվել հերոսի ընտանիքի որպիսությամբ, չփորձեց օգնության ձեռք մեկնել խաչքարի տեղադրմանը»։ Իսկ տեսանյութում ընդհանրապես շամշյանական գռեհիկ ոճով գրված է, թե հրանամատարը «լայաղ չարեց» զորակցել։

Ընդ որում, ակնհայտ է, որ Շամշյանը, որն անձամբ է նկարահանել խաչքարի տեղադրման, բացման և պարգևատրման արարաողությունները (այո, այդ ամենն իրար հետ է տեղի ունեցել, նույն ժամին), հիանալի գիտեր, որ նույն այդ օրը Մատաղիս էր այցելել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ոչ միայն զորամասի, այլև այդ ողջ ուղղության հրամանատարական կազմը ուղեկցել է նախարարին մարտական դիրքերում և հանդիպումների այլ վայրերում։ Չէր կարող չիմանալ։ Դրանով հանդերձ, սակայն, գրում է, թե հրամանատարը չի մասնկացել խաչքարի տեղադրմանը՝ պատճառաբանելով «էր իր այդ քայլը, թե, իբրև, վերևից մարդիկ են գալու զորամաս»: «Իբրև», «վերևից մարդիկ»… Իհարկե, Շամշյանը Շամշյան չէր լինի, եթե այսպես չկոծկեր հրամանատարի զբաղվածության իրական պատճառը։ Ինչպես նաև այն փաստը, որ ամեն ինչ այդքան արագ էր կազմակերպվել ու առանց՝ զոհված զինվորի հիշատակին վայել հանդիսությամբ։ Նա նաև Շամշյան չէր լինի, եթե հրամանատարի բացակայության փաստի ներկայացումը չհամեմեր այլ զոհվածների հիշատակը շահարկելուց… Չեմ ուզում շատ ծավալվել, վստահ եմ՝ տեսանյութին ու Շամշյանի կայքում հրապարակված լուրին ծանոթացող ցանկացած մարդ շատ հանգիստ կտեսնի, թե ինչն ինչ է, և ով՝ ով։

Ինձ առավել շատ մտահոգում է այն փաստը, որ Մատաղիսի պես կարևոր ուղղության վրա տեղակայված զորամասում, որտեղ բոլորովին վերջերս ցավալի դեպք է տեղի ունեցել, որի արդյունքում հրամանատարական կազմի լուրջ փոփոխություններ են եղել, փորձ են կատարում այսպիսի կեղտոտ հրապարակումներով խժդժություններ ու անվստահություն սերմանել։ Եվ դա արվում է հետևողականորեն։ Արմեն Գյոզալյանը, որը մինչ Մատաղիսի գնդի հրամանատար նշանակվելը եղել է ՀՀ Տավուշի մարզի Բերդի գնդի հրամանատարը, իսկ մինչ այդ ծառայել Սյունիքի մարզում, փորձառու զինվորական է։ Նրա առջև այս պահին իսկապես բարդ խնդիր է դրված։ Եվ ուրեմն ինչի՞ համար է պետք այսպես «հարվածել» նրան։ Եվ ամենակարևորը՝ ու՞մ է դա ձեռնտու։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S. Փաստորեն Շամշյանի մասին կրկին կարծիքս չասեցի, բայց, կարծում եմ, այն չափազանց պարզ ու հասկանալի է ընթերցողի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում