Նարեկ Սարգսյանը հանդիպել է «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսի մասնակից արվեստագետների հետ

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ այցելել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել նախօրեին թանգարանի Թամանյան սրահում բացված «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսին ներկայացված 10 քանդակագործերի երկու տասնյակի հասնող աշխատանքներին:

Ցուցահանդեսի համակարգողն է քանդակագործ, նկարիչների միության քանդակի սեկցիայի վարիչ Նունե Թումանյանը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնում է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է գոնե նախագծերի մակարդակով ներկայացնել համապատասխան առաջարկներ, որոնք կարող են հետագայում մեր քաղաքներում ստեղծել հետաքրքիր և բոլորի կողմից սիրված անկյուններ, պատկերներ և կերպարներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քանդակագործները Ն. Սարգսյանին ներկայացրել են ցուցադրված աշխատանքները, պատմել իրենց ծրագրերի մասին, քննարկել մասնագիտական հարցեր, տեսակետներ հայտնել, թե կոնկրետ ինչպիսի քաղաքաշինական միջավայրում են պատկերացնում իրենց ստեղծագործությունների երկրորդ կյանքը: Նարեկ Սարգսյանը մի քանի աշխատանքների վերաբերյալ առաջարկել է ներկայացնել կոնկրետ նախահաշիվներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում