Սեւանա լճի մակարդակը հուլիսի ընթացքում նվազել է 10 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակն իր այս տարվա առավելագույն նիշից՝ 1900 մետր 91 սանտիմետրից, նվազել է 10 սանտիմետրով հուլիսի առաջին 24 օրերի ընթացքում՝ կապված լճից ոռոգման նպատակներով իրականացված ջրբացթողումների եւ սակավ տեղումների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի հուլիսի 24-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա, ինչը թեեւ 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն այս տարվա հունիսի վերջերին գրանցված 1900 մետր 91 սանտիմետր նիշից ցածր է 10 սանտիմետրով:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 149 միլիոն 87 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 80 միլիոն 18 հազար խորանարդ մետր ջուր: Բացի օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր տարեկան ջրբացթողումը, ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի լրացուցիչ Սեւանա լճից բաց կթողնվի եւս 100 միլիոն խորանարդ մետր ջուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում