Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը պատրաստ է աջակցել երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե վերջինս նման հարցով դիմի իրենց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դեսպանության մամուլի հարցերով կցորդ Դենիս Ապաշկինը:

«Դեսպանությունը կապի մեջ է Լապշինի փաստաբանի և նրա բարեկամների հետ: Իրավունք չենք վերապահում մեկնաբանել ադրբեջանական դատարանի որոշումը: Դեսպանությունն իր լիազորությունների շրջանակում հետագայում էլ մասնակցելու է Լապշինի իրավունքների պաշտպանությանը»,– ասել է Ապաշկինը:

Մեկնաբանելով Լապշինի հնարավոր արտահանձնման հարցը՝ նա հիշեցրել է, որ ՌԴ և Ադրբեջանի միջև կնքվել է դատապարտյալների փոխանցման պայմանագիր, որը ենթադրում է, որ այդ անձինք պետք է պատիժ կրեն այն երկրում, որի քաղաքացի են հանդիսանում: «Եթե Լապշինը ցանկանա օգտվել այդ հնարավորությունից, դեսպանությունը կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ օգնությունը»,– հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում