ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Արա Բաբլոյանի այցի առաջին կանգառը «Արաբկիր բժշկական համալիրի երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» Գավառի մասնաճյուղում էր, որտեղ վերականգնողական կուրսեր են անցնում մարզի համայնքների հատուկ կարիքավոր երեխաները:

Ինչպես տեղում ներկայացրին ՀՀ ԱԺ նախագահին, երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնում բացված է մշտական 10 աշխատատեղ, եւ բոլոր մասնագետ կադրերն ընտրված են տեղացիներից: Կենտրոնում միաժամանակ ստեղծված են պայմաններ, որպեսզի վերականգնողական վարժություններից եւ խնամքից դուրս հատուկ կարիք ունեցող երեխաները զբաղվեն նաեւ նապաստակների եւ առանձին բույսերի խնամքով: 

Արա Բաբլոյանի այցի երկրորդ կանգառը Գավառ քաղաքի թիվ 5 մանկապարտեզում էր, որտեղ այս պահին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով ու Գավառի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 180 միլիոն դրամ: Հիմնանորոգվող տարածքը կազմելու է մոտ 600 քառակուսի մետր: Արդիականացված մանկապարտեզում գործելու է 4 խումբ, որոնցից մեկում ընդգրկվելու են հատուկ կարիք ունեցող երեխաները, որոնց համար ստեղծվելու են ներառական կրթության համար նախատեսված պայմանները: Այնուհետ ՀՀ ԱԺ նախագահն այց կատարեց Գավառի մանկատուն՝ ծանոթանալով մանկատան սաների առօրյային ու ապրելակերպին:

Ներկայացնելով այցի հիմնական նպատակը՝ Արա Բաբլոյանը շեշտեց, որ իրենց կողմից մտահղացված ծրագիրը հիմնականում ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանությանը: «Ընդ որում, այն պետք է ընթանա կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ծրագիրն աշխատի արդյունավետ՝ ներառելով վերականգնողական կենտրոն-մանկապարտեզ-դպրոց-մասնագիտացում եւ աշխատանք կապը: Վերականգնողական կենտրոնից հետո հատուկ կարիքավոր երեխաները ներառական կրթությունը շարունակելու են մանկապարտեզներում, ապա՝ դպրոցներում: Նաեւ կբացվեն մասնագիտացված կենտրոններ, որտեղ նրանք ձեռք կբերեն տարբեր մասնագիտություններ եւ կունենան պահանջված աշխատանք, կգտնեն իրենց տեղը հանրության մեջ: Պետական միջոցներով կնորոգվի նաեւ թիվ 5 մանկապարտեզի շենք տանող ճանապարհը: Միաժամանակ կխորացնենք եւ կզարգացնենք մանկատները բեռնաթափելու ծրագրերը, որպեսզի երեխաները հնարավորինս դաստիարակվեն իրենց կենսաբանական ընտանիքներում, որի համար էլ պետք է բազմակողմանի քայլեր ձեռնարկենք՝ դրանք համադրելով գլխավոր նպատակի հետ: Առաջիկայում այս թեմաներով քննարկումներ կունենանք շահագրգիռ տարբեր գերատեսչությունների հետ»,-նշեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում