Թումանյանի ստեղծագործությունները եվրոպական լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում

Թումանյանի միջազգային հանրահռչակման նպատակով նրա ստեղծագործությունները եվրոպական լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում: Թումանյանի 150-ամյակին ընդառաջ՝ հրատարակվելու են մի շարք գրքեր, իսկ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն իրականացնում են նաև Թումանյանի կյանքի և գործունեության տարեգրության 4 հատորների կազմումը: Հուլիսի 25-ին կայացած ասուլիսում ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը հույս հայտնեց, որ Թումանյանի ներկայացման խնդիրը նաև կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, ինչպես որ արվել էր խորհրդային տարիներին մշակույթի մի շարք գործիչների դեպքում:

«Թումանյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները, բարեբախտաբար, այնքան շատ են, որ նույնիսկ կարող ենք նույն ստեղծագործության մի քանի թարգմանությունների մեջ ընտրություն կատարել: Սակայն միջազգային հանրահռչակման համար պետք է քայլեր իրականացնենք նաև այլ լեզուներով հրատարակելու: Հատկապես պետք է ձեռնամուխ լինենք եվրոպական լեզուներով թարգմանություններին, որի շնորհիվ իրապես կերևա մեր ժողովրդի էությունը: Թումանյանի միջոցով կներկայացնենք մեր ժողովրդին»,-ասաց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրները պետք է ռուսերենից կատարեն թարգմանությունները: Մյուս լեզուներով թարգմանությունների համար պետք է հիմք դարձնել անգլերեն լավ թարգմանությունը, որում սփյուռքը կարող է կազմակերպչական մեծ դեր կատարել:

«Կարևորագույն խնդիրներից է նաև կազմել յուրաքանչյուր գրողի կյանքի և գործունեության տարեգրությունը: Նախատեսում ենք հրատարակել 4 հատոր: Ներկայումս լույս են տեսել առաջին երկու հատորները: Երկրորդ հատորում ներկայացվում է մինչ 1914 թվականն ընկած ժամանակահատվածը, որտեղ նաև հիշատակվում է այն մասին, թե ինչպես էին Թումանյանին մեղադրում դաշնակցական կուսակցությանն անդամակցելու մեջ: 3-րդ հատորը ներկայացնում է Թումանյանի կյանքն ու գործունեությունը առաջին աշխարհամարտի տարիներին»,-ասաց Դևրիկյանն ու հավելեց, որ Թումանյանի կյանքի յուրաքանչյուր ժամանակահատված համընկնում է հայ ժողովրդի պատմության նշանակալի որևէ փուլի հետ:

Նրա խոսքով՝ մինչ տարեվերջ լույս կտեսնի նաև Սուսաննա Հովհանիսյանի «Թումանյանի գործունեությունն առաջին աշխարհամարտի տարիներին» ռուսալեզու գիրքը, ինչի շնորհիվ նորից կշոշափվի Հայոց ցեղասպանության հարցը: Մինչ հոբելյան կտպագրվի նաև «Թումանյանի ժամանակը» գիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում