ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. հայկական կողմն առաջնագծում ԱԹՍ չի կիրառել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմի հարվածից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին»,– ասվում է Արցախի ՊԲ հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում