Վիգեն Սարգսյանն ընդունել է «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակցի

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուլիսի 25-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակիցների:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով երիտասարդներին, Վիգեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացրել է Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն ու կարևորագույն ձեռքբերումները։

Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանող երիտասարդներին ո´չ միայն Հայաստանի պատմամշակութային վայրերը տեսնելու, այլև ռազմաուսումնական հաստատություններ ու զորամասեր այցելելու, զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռվում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք առավելապես վերաբերում էին Հայկական բանակի հետագա հզորացմանն ու խաղաղության պահպանմանը, ինչպես նաև զինվորական ծառայությունը Հայրենիքում անցկացնելու հնարավորություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում