Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը. Էրդողան

Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք և Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»,– ասել է Էրդողանը:

«Ալմազ-Անթեյ կոնցեռն» բաժնետիրական ընկերության մշակման և արտադրության հեռահար գործողության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմավարական և մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար ռադիոԷլեկտրոնային և հակազդման այլ տեսակների պայմաններում:

Համակարգը կարող է աերոդինամիկական թիրախներ խոցել մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ՝ բալիստիկ թիրախներ, որոնք վայրկյանում մինչև 4,8 կիլոմետր արագությամբ թռչում են մի քանի մետրից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում