Սիրիական բանակը կարող է Ռաքան ԻՊ-ից ազատագրել հինգ ժամում

Սիրիական բանակն այժմ գտնվում է Ռաքա քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա, որը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքին է, բանակն այն կարող է ազատագրել հինգ ժամում, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է բանակի բրիգադային գեներալը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Ռաքայի համար մարտը բաժանված է երեք փուլի: «Առաջինն սկսվել է Քվեյրիս օդանավակայանի, Հորդանաանի հետ սահմանի Դեյր Խաֆիր եւ Մասքանե ավանների ազատագրումից. դրանք կարեւոր կետեր էին ԻՊ-ի համար: Այնուհետեւ բանակը կարողացել է մտնել Ռաքայի հարավ- արեւմտյան ծայրամասերը»,– հայտարարել է գեներալը:

Մարտի երկրորդ փուլը ներառում է Էր Ռասաֆա քաղաքի եւ «նավթի-գազի հարյուրավոր հանքավայրերի ազատագրումը»: «Բանակին հաջողվել է աահովել Ռաքայի, Հոմսի եւ Հալեպի նահանգների միջեւ Էր Ռասաֆա – Ասրիա ճանապարհի անվտանգությունը»,– պատմել է գործակալության զրուցակիցը:

«Երրորդ փուլն այժմ գործընթացի մեջ է: Դրա ընթացքում բանակին հաջողվել է հասնել մինչեւ այն շրջան, որը գտնվում է Եփրաթ գետից 10 կիլոմետր եւ Ռաքայից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ռաքայի ազատագրման հարցը կապված է հարձակումն սկսելու պահի հետ»,- հայտարարել է գեներալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում