Հայաստանը և Իսրայելը ստորագրել են կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 25-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար նախարար Հանեգբին նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իր այցելության հիմնական ուղերձն է։
Հանդիպմանը զրուցակցիները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկել հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են հասարակական մակարդակով հայ-իսրայելական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։
Էդվարդ Նալաբանդյանը և Ցախի Հանեգբին կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնմնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, միջխորհրդարանական փոխանակումների ակտիվացումը։

Բանակցությունների օրակարգում են եղել առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարևորվել է զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։

Զրույցի ընթացքում քննարկվել են մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Նախարար Ցախի Հանեգբին ներկայացրել է Իսրայելի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը և «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։

Հայաստանի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Ցախի Հանեգբին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև Մշակույթի, Կրթության և Գիտության, Սպորտի և Երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության մասին» ծրագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում