Առաջին կիսամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 4,9 տոկոս

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 4,9 տոկոս: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Այս տարի ներմուծումը աճել է 1,8 տոկոսով: Արտահանումը մի քիչ նվազել է, բայց դա փոխհատուցվելու է, և մեր կանխատեսումներով մինչև տարվա վերջ մենք ունենալու ենք առնվազն էլեկտրաէներգիայի արտահանման 20 տոկոս աճ»,-ասաց նա:

Հայկ Հարությունյանը նշեց, որ այս տարի ունեցել ենք կլիմայական բարդ պայմաններ` շատ ցուրտ ձմեռ և շատ շոգ ամառ, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սպառումը աճել է:

«Ունենք նոր պայմանագիր Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնելու համար: Փոխհոսքերն արդեն շատ արդյունավետ իրականացվում են: Մենք փետրվար-մարտին կարողացել ենք արտահանել դեպի Վրաստան, և ներմուծել ենք մայիս-հունիս ամիսներին: Ներկայում քննարկվում են ապագա ծավալները, նախատեսվում է մինչև տարվա վերջ կրկնապատկել Վրաստանի հետ փոխհոսեքերի քանակը: Կա փոխշահավետ համագործակցություն Վրաստանի հետ և հուսով ենք, որ դա շարունակական կլինի: Սա նախապատրաստական աշխատանք է հետագայում, երբ նոր գծերը կառուցվեն ավելի լայն ծավալի առևտուր իրականացնելու համար»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում