Սևանա լիճը կարող է հետաքրքիր լինել սուզորդների համար էքստրեմալ տուրիզմի տեսանկյունից

Էքստրեմալ տուրիզմը զարգացնելու ներուժ կա Սևանում՝ շնորհիվ լճի առանձնահատկության, ստորջրյա տեսարժան վայերի ու հարստության: Բարձր լեռնային լճերն այսօր հետաքրքրում են շատ սուզորդների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները:

«Սևանը բարձր լեռնային ու քաղցրահամ լիճ է, ինչն արդեն մեծ տարբերություն է: Կան շատ սուզորդներ, որոնց հետաքրքիր է սուզվել բարձր լեռնային լճերում: Հայաստանում կան նաև այլ բարձր լեռնային լճեր: Տեսարժան վայրերի առումով ևս Սևանում մեծ ներուժ կա, օրինակ՝ գանգրահեր ժայռերը»,– ասաց Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի փոխնախագահ Արա Ավագյանը:

Նրա խոսքով՝ ստորջրյա բուսական աշխարհը ևս յուրահատուկ է, կան նաև կորացած, տարբեր չափերի հետաքրքիր քարային բլոկներ, որոնք գեղեցիկ լանդշաֆտ են ստեղծում: Գեղեցիկ են ավազային հատակը, աղբյուրներից դուրս եկող պղպջակները, ինչպես նաև սնկաձև ժայռերը:

Կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանի խոսքով՝ իրենք փորձում են ամեն տարի նոր վայրեր ուսումնասիրել, հայտնաբերել սուզվելու նոր ու հետաքրքիր տեղեր: «Օրեր առաջ ցանկացողներին հրավիրել էինք նաև սուզումների՝ մարդկանց այս սպորտաձևին ծանոթացնելու նպատակով: Ըստ պահանջարկի՝ մենք կազմակերպում ենք սուզումը»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում