Ռոուհանին ԱՄՆ-ից պահանջել է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններից

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ կապված միջադեպի, Վաշինգտոնից պահանջել է հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավարկության անվտանգության պահպանման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին Իրանի նախագահի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:

«Եթե ամերիկացիները ցանկանում են, որ այս տարածաշրջանը լինի ավելի կայուն, իսկ հանգուցային ջրային ճանապարհներն՝ անվտանգ խաղաղության համար, նրանք պետեք է դադարեցնեն այդ (թշնամական) գործողությունները»,– ասել է նա:

Ռոուհանին ընդգծել է, որ ԱՄՆ-ը 40 տարվա ընթացքում ճնշում է գործադրել, բոյկոտել, սադրանքներ սարքել Իրանի նկատմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանի որոշ երկրների մոբիլիզացրել հանրապետության դեմ, բայց պարտություն է կրել:

Հուլիսի 25-ին Պարսից ծոցի հյուսիսային մասի միջազգային ջրերում տեղի է ունեցել միջադեպ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի եւ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորախմբի պարեկային կատերի մասնակցությամբ: Իրանցի զինվորականների խոսքով՝ ամերիկյան մարտանավը երկու կրակոց է արձակել օդ իրանական նավի կողմը՝ «սադրանքի եւ ահաբեկման նպատակով»:

ԱՄՆ-ում պնդում են, թե իրանական նավի անձնակամզը խախտել է Ծովում բախումների նախազգուշացման միջազգային կանոնները, երբ հուլիսի 25-ին Պարսից ծոցում վտանգավոր մոտեցման է գնացել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում