Սևանի մակարդակի բարձրացումը բարելավել է ջրի տեսանելիությունը

Սևանա լճի մակարդակի՝ մոտ 3 մետր բարձրացումը էականորեն բարելավել է ջրի տեսանելիությունը, սակայն այն նաև կարծր աղտոտվածության պատճառ է դարձել: Հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին գիտահետազոտական արշավն իրականացնող CARPS կենտրոնի անդամները:

«Թեև կենտրոնն իրականացնում է ընդամենը ճանաչողական հետազոտություն, սակայն կան երևույթներ, որոնք մեզ համար ակնհայտ տեսանելի են: Ջրի մակարդակի՝ մոտ 3 մետր բարձրացման դրական կողմն այն է, որ էականորեն բարելավվել է տեսանելիությունը: Որոշակի առումով սկսել է աշխատել նաև Սևանի ավազանի ինքնամաքրման մեխանիզմը: Սակայն ջրի մակարդակի բարձրացումն առաջացրել է նաև շատ խնդիրներ: Դրանցից է կարծր աղտոտվածությունը, որն իսկապես ահագնացող չափերի է: Ափագիծը տեղաշարժվել է՝ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, և նախկինում ափամերձ հատվածի չմաքրված աղբն այժմ հայտնվել է ջրի տակ»,-ասաց կենտրոնի փոխնախագահ Արա Ավագյանը:

Նրա խոսքով՝ ձկնորսական պարագաները ևս հայտնվում են ջրի հատակին, ինչը ծուղակ է շատ ձկների և մասնավորապես խեցգետինների համար: Շատ քիչ են հանդիպում նաև ձկների վտառներ, իսկ որոշ տեսակի ձկնատեսակներ ընդհանրապես չեն հանդիպում:

Ավագյանի խոսքով՝ ունեն բազմաթիվ փաստագրված տեսաերիզներ ու լուսանկարներ: Սակայն կենտրոնը չի անցկացնում կոնկրետ գիտական հետազոտություն, այլ ըստ պահանջի՝ գիտական հաստատություններին ներկայացնում է նմուշներ, որոնք հետազոտության են անցնում լաբորատորիայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում