Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմամբ խթանում ենք միջսահմանային առևտուրը. Աշոտ Մանուկյան

Հայաստանի կառավարությունը հաստատեց էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ մեր երկրի անկախացումից ի վեր Հայաստանը որդեգրել է ազատական տնտեսության գաղափարը. ազատականացվել են բոլոր հիմնական շուկաները և այսօր միակ շուկան, որն ազատականացված չէ, էլեկտրաէներգիայի շուկան է:

«Առաջին քայլերն արդեն կատարված են: Ընթացիկ տարվա մայիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունեց որոշում, որով ձևավորվեց ազատ շուկայի օպերատորը՝ ի դեմս հաշվարկային կենտրոնի: Այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվում են մասնագետների պատրաստման դասընթացներ: Երկրորդ քայլը եղավ ՀԾԿՀ-ի կողմից համակարգի ցանցային կանոնների հաստատումը, որոնք ուժի մեջ մտան հուլիսի մեկից: Այսօրվա որոշումը երրորդ հիմնարար քայլն է, որով հաստատվում է այն քայլերի բովանդակությունն ու ժամանակացույցը, որոնցով պետք է առաջնորդվենք շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտուրը խթանելու հարցում», – նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը:

Ծրագիրը ներդաշնակեցվել է էներգետիկայի բնագավառում միջպետական առևտրի հետ կապված միջազգային պարտավորությունների պահանջներին, որը չի հակասում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ոլորտում միջպետական առևտրի զարգացմանը և կխրախուսվի ավելի լայն մրցակցություն:

Ըստ հիմնավորման, Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունա­վետության բարելավմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում