2018 թ. բյուջետային հայտում նախատեսվել է դատարաններում զննման սարքավորումների ձեռքբերումը

Փաստաբանների զննությանն առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու համար Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այցից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունիսի 30-ին գրություն էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, գրությամբ Պալատի նախագահը առաջարկել էր, որ հաշվի առնելով դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելու ժամանակ առաջացած միջադեպերը և դրանց կանխման անհրաժեշտությունը, դատարանների շենքերն ապահովել զննության այնպիսի սարքավորումներով, որոնք փաստաբանների զննության ժամանակ կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն կարգադրիչների անմիջական միջամտությունը:

Փաստաբանների պալատը ստացել է Դատական դեպարտամենտի պատասխանը, որից պարզ է դառնում, որ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ դատարանների ապահովումը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ:

Դեպարտամենտից տեղեկացրել են, որ 2018 թվականի բյուջետային հայտում նախատեսվել է զննման սարքավորումների, ինչպես նաև մետաղորսիչ սարքերի ձեռքբերումը, որի ֆինանսավորման դեպքում ՀՀ բոլոր դատարանները կապահովվեն համապատասխան զննության սարքերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում