Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքները

ՀՀ կառավարության միջոցների հաշվին սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են մարզերի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում:

Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

«Եկեղեցին շատ լավ եկեղեցի է, հետաքրքիր լուծումներով և եկեղեցու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար հայտարարվել է կապալառու կազմակերպության մրցույթ և մրցույթը հաղթած կազմակերպությունը, որը շատ լուրջ և նման աշխատանքների իրականացման մեծ փորձ ունեցող կազմակերպություն է, ստանձնել է այդ աշխատանքները՝ 4 մլն 800 հազար դրամի շրջանակներում: Աշխատանքները կավարտվեն մեկամսյա ժամկետում, դրանից հետո նոր կմտածվի, թե ինչ միջոցներով ձեռնարկել եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այս պահին դեռ այդ նպատակին ֆինանսական միջոցներ հատկացված չեն, սա պարզապես եկեղեցու վերականգման առաջին քայլն է»,-տեղեկացրեց Ալբերտ Մարգարյանը: Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ճարտարապետությամբ եզակի կառույց է:

Թեև եկեղեցու մի պատին առկա արձանագրությամբ այն 1861 թվականին կառուցված շինություն է, սակայն եռանավ բազիլիկ կառուցվածքով ավելի շատ պատկանում է վաղ միջնադարին: Պահպանված կամարներն ու սյուները, դեպի խցեր տանող գաղտնի անցուղիները ևս վկայում են այն մասին, որ կառույցը շատ ավելի հին է: Նույնիսկ անզեն աչքով է հնարավոր տարբերել շինության՝ տարբեր դարերի պատկանելու փաստը: Ամենայն հավանականությամբ 1861թ. այն վերականգնվել է և ոչ թե կառուցվել:
Եկեղեցին Արթիկի թեմի եզակի խոնարհված եկեղեցիներից է: Այն ոչ միայն եզակի է իր կառուցվածքով, այլ նաև իր մեջ թաքնված գաղտնիքով՝ սյուների վրա տեղադրված կճուճներով, որոնցից մի քանիսն այս պահին էլ են պահպանված: Կճուճներով կառուցված եկեղեցիներ աշխարհում քիչ կան: Դրանք մի քանի նպատակների համար են տեղադրվել եկեղեցիների պատերի մեջ. եթե արտաքին պատի մեջ է, ապա ջերմամեկուսացման, իսկ ներսում ՝ ձայնադարձման և ծանր կոնստրուկցիաների բեռնաթափման համար:

Այսօր եկեղեցին անտանիք ու կիսավեր է, սակայն վերականգնել հնարավոր է՝ վստահեցնում են հոռոմցիները: Նույնիսկ մասնագիտական խմբի ուսումնասիրություններն են վկայում՝ հնարավոր է վերականգնել այս հիասքանչ եկեղեցին, որի նմանները Հայաստանում քիչ են:

Ճիշտ է, դեռ վերականգնման համար գումար հատկացված չէ, սակայն դրա առկայության պարագայում, վերականգնումը կիրականացվի պահպանելով եկեղեցու նախկին տեսքը՝ նույնիսկ սափորները: «Անշուշտ ամեն ինչ պահպանվելու է, եկեղեցին հետաքրքիր լուծումներ ունի և ըստ պահանջի նախագիծը արվելու է այդ ամենը հաշվի առնելով: Ամեն մի քար պահպանվելու է ու վերականգնվելու է այնպես, ինչպես նախկինում»,-վստահեցրեց պատասխանատուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում