ԱՄՆ-ն հորդորել է Թուրքիային ազատել ձերբակալված լրագրողներին

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Թուրքիայում կառավարությանը քննադատող անհատների հետապնդումների և ձերբակալումների փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը:

Նա մասնավորապես անդրադարձել է ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների դեմ հարուցված դատական գործին՝ նշելով, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը մոտիկից հետևում է դատավարության ընթացքին: «Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ հարգել ու ապահովել խոսքի, արդար դատավարության ազատությունը, մարդու մյուս իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև ազատ արձակել լրագրողներին և մյուսներին, ովքեր երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կալանքի տակ են առնվել»,- ասել է Նոյերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում