Հայաստանի արդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.4 տոկոս աճ

Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար 2017 թվականի առաջին կիսամյակը բավական արդյունավետ ժամանակաշրջան էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

«Այդ մասով ունենք աճի բավական լուրջ դինամիկա: Ասեմ, որ տարվա սկզբից արդյունաբերությունում ապահովում ենք երկնիշ աճ: Վեց ամսվա ցուցանիշներով արդյունաբերության ոլորտում ունենք 12.4 տոկոս աճ: Հանքարդյունաբերության ոլորտում` 12.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 20 տոկոս աճ»,-ասաց Արմեն Եգանյանը:

Մշակվող արդյունաբերության մեջ գրեթե բոլոր ճյուղերում ևս հինգ ամսվա ցուցանիշներով կա աճ, մասնավորապես, սննդի արտադրություն` 12.7, խմիչքների արտադրություն` 23.4, ծխախոտի արտադրություն` 21.6 տոկոս, մանածագործական արտադրանքը` 24.6, հագուստի արտադրություն` 11.3:

Արմեն Եգանյանը նշեց, որ որոշ ճյուղերում, միգուցե տեմպը ցածր է, սակայն դրանց տեսակարար կշիռը մշակող արդյունաբերության մեջ մեծ է, հետևաբար գրանցած ցածր տեմպը կրկին դրական ազդեցություն է ունենում ընդհանուր ցուցանիշի վրա:

Ի՞նչ գործոններ են ազդել նման դրական ցուցանիշների վրա: Հարցին ի պատասխան, Արմեն Եգանյանը նշեց, որ դրանք տարբեր են:

«Թե ներսում կատարվող աշխատանքը, թե միջազգային շուկայում առկա որոշ գործոններ: Տեսեք, ներսում արտահանման ցուցանիշներն են աճել, 6 ամսվա կտրվածքով `21 տոկոսով: Գրեթե բոլոր ենթաճյուղերում էլ ունենք թե ներքին իրացման, թե արտահանման աճ: Կա նաև նոր արտադրությունների հիմնումը: Որոշ ընկերություններ ընդլայնվել են: Ահա այդ ամենն ազդել է արդյունաբերության ոլորտի ընդհանուր աճի վրա»,-ասաց Արմեն Եգանյանը:

Նրա խոսքով, այս տարի նկատվում է, որ բիզնեսը սկսել է իր արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնել: Մասնավորապես, հիմնականում Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ ուղղություններով աշխատող ընկերությունները սկսել են ապրանք արտահանել եվրոպական երկրներ: Նախկինում Եվրամիության շուկայի ուղղությամբ աշխատողները դիտարկում են այլ երկրները, ինչը շատ կարևոր է ռիսկերի նվազեցման տեսանկյունից:

Այսօր արտահանման համար ավանդական համարվող ուղղություններին նորերն են ավելանում: Մասնավորապես, արաբական երկրներն են բիզնեսի ուշադրության կենտրոնում, հատկապես Էմիրությունները, դրանից բացի, Չինաստանը, ընդլայնվում է Իրանի ուղղությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում