Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվել են կինն ու որդին

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով երկու անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում:

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ – հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության համաձայն՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում են Սիմոնյանի կինն ու որդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում