ԱՄՆ-ն Վենեսուելայում իր դիվանագետների ընտանիքներին կարգադրել է լքել այդ երկիրը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Վենեսուելայում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել երկիրը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պետդեպը թույլ է տվել նաև Վենեսուելայում գտնվող ամերիկացի դիվանագետներին ինքնակամ տարհանվել:

«ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել Վենեսուելա այդ երկրում սոցիալական անկարգությունների, հանցագործությունների, ինչպես նաև արտադրության և դեղամիջոցների անբավարարության պատճառով: Հուլիսի 27-ին պետդեպարտամենտը կարգադրել է Կարակասում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին լքել երկիրը, ինչպես նաև թույլատրել է ԱՄՆ կառավարության աշխատակիցներին կամավոր հեռանալ Վենեսուելայից»,- ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:

Վենեսուելայում ապրիլից զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը վճռել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ասամբելայի լիազորությունները: Թեպետ որոշումը հետագայում չեղյալ էր համարվել, սակայն ընդդիմության կողմնակիցները դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով դատարանի անդամների հրաժարականը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում:

Անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում