Հայաստանը համարվում է թրաֆիքինգի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում

Հայաստանը հինգերորդ տարին անընդմեջ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում դասվել է 1-ին խմբում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկը:

Հուլիսի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Վահրամ Կաժոյանը: Նրա խոսքով` 2017 թվականի հունիսի 27-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարկեց մարդկանց շահագործման վերաբերյալ տարեկան զեկույցը, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված իրավիճակին:

«ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում ընդգրկված 187 երկրներից առաջին խմբում դասակարգվել են միայն 36-ը: Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջին խմբում ընդգրկված միակ երկիրն է»,-ընդգծեց Կաժոյանը:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով` Հայաստանը միացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին առնչվող բոլոր միջազգային և տարածաշրջանային իրավական փաստաթղթերին և մշտապես պատրաստակամ է այդ երևույթի դեմ պայքարը կատարելագործելու նպատակով ակտիվ համագործակցել ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլիանորա Վիրաբյանը նշեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու նպատակով մշակվել են ենթաօրենսդրական ակտեր և կարգավորվել են մի շարք հարցեր՝ կապված հանձնաժողովի աշխատանքի, զոհերի ուղղորդման մեխանիզմների ու նրանց պաշտպանության հետ:

« Վերջին երկու տարում աշխատանքային շահագործման դեպքեր են արձանագրվում: Եթե նախկինում թրաֆիքինգի զոհերը կանայք էին, ապա ներկայումս տղամարդիկ են: Թրաֆիքինգ իրականացնող անձինք հիմնականում բարեկամներն են կամ հարազատները, որոնց զոհերը վստահում են: 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականը թրաֆիքինգի զոհ են դարձել 24 անձ, որից 5-ը՝ կին, 19 տղամարդ: 24 զոհերից 3-ը անչափահաս են»,- ասաց Վիրաբյանը և հավելեց, որ այդ դեպքերը հիմնականում արձանագրվել են Հայաստանում և Ռուսաստանում:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը ներկայացրեց ոստիկանության կողմից արձանագրված թրաֆիքինգի դեպքերի վիճակագրական տվյալները:

«2017 թվականին Հայաստանում արձանագրվել է թրաֆիքինգի 7 դեպք, որից 4-ը աշխատանքային շահագործման դեպքեր են, 3-ը՝ սեռական: Աշխատանքային շահագործման բոլոր դեպքերն արձանագրվել են Հայաստանում: Նշված դեպքերից ի հայտ են եկել թրաֆիքինգի ենթարկված 12 տուժող` 5 արական և 7 իգական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 5-ը սեռական շահագործման տուժողներ են, 7-ը` աշխատանքային: 12 տուժողներից 6-ը անչափահասներ են: Համեմատության համար նշեմ, որ 2016 թվականին արձանագրվել է թրաֆիքինգի 10 դեպք, որից 7-ը աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման դեպքեր են»,- ասաց Հովսեփյանը:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը նշեց, որ թրաֆիքինգը շատ դեպքերում դրսևորվում է, երբ տուժողը պարտքեր ունի և խոցելի է, ինչն օգտագործվում է չարագործների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում