Սեւանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ

Սեւանա լճի ափամերձ ու ջրածածկման վտանգի տակ հայտնված անտառային տարածքներում այս տարվա ընթացքում անտառմաքրման աշխատանքներ իրականացվել են 10 հեկտարի վրա:

Ինչպես տեղեկացրեց «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանը, մաքրման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսից, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ եւ ֆիզիկական անձանց միջեւ անտառմաքրման նպատակներով կնքված պայմանագրերի շրջանակներում:

«Ֆիզիկական անձանց ուժերով անտառմաքրման աշխատանքներ իրականացվել են Նորատուսի եւ Մարտունու մասնաճյուղերում: Հուլիսի վերջերի դրությամբ 5 հեկտար անտառային տարածք ծառերից, արմատներից ու այլ բույսերից մաքրվել է Նորատուսի, 5 հեկտար՝ Մարտունու մասնաճյուղերին պատկանող տարածներում: Մինչեւ տարեվերջ նույն տեղերում կիրականացվեն նույն ծավալների անտառմաքրման աշխատանքներ»,-ներկայացրեց Վահե Գուլանյանը, հավելելով, որ անտառմաքրման ներկա տեմպերը մնում են անբավարար:

«Ներկա պահին զգացվում է մոտ 200 հեկտար անտառային տարածքի հրատապ մաքրման կարիք: Մեր ուժերով մենք ի վիճակի ենք մաքրել մինչեւ 20 հեկտար: Մնացածը պետք է կատարվի պետբյուջեի միջոցների հաշվին, որտեղից համապատասխան հատկացումներ այս տարի դեռեւս չի արվել: Ֆինանսական միջոցների հատկացման դեպքում հնարավոր կլինի գոնե կիսով չափ անտառմաքրման աշխատանքները մինչեւ տարեվերջ հասցնել ավարտի»,-հավաստեց «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում