Արագածոտնի մարզի բոլոր համայնքները դուրս են եկել համապետական շաբաթօրյակի

Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում հուլիսի 29-ին, ժամը 9.00-ին սկսվեց համապետական շաբաթօրյակը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականի համաձայն, մարզպետարանի պատասխանատու աշխատողները՝ շուրջ 90 աշխատակից, ամրացված են համայնքներին եւ համակարգում են շաբաթօրյակի ինչպես նախապատրաստական, այնպես էլ ընթացող աշխատանքները: Այցելելով համայնքներ, նրանք, հետեւում են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններով նախատեսված աշխատանքների ընթացքին եւ այդ մասին պարբերաբար զեկուցում «Մաքուր Հայաստան» ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովին: Իսկ գործողությունների պլանի մեջ ներառված են քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքների սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, շաբաթօրյակին մասնակից են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, ողջ հանրությունը:

Շաբաթօրյակին դուրս են բերվել 130 ինքնաթափ, 85 բաշխիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմել է 15 հազար մարդ :

Ինչպես համապետական երկու շաբաթօրյակներին, այնպես էլ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզում առ այսօր զգալի աշխատանքներ են կատարվել: Շարունակական աշխատանքների արդյունքում մաքրվել, բարեկարգվել են հուշարձանների, հասարակական վայրերի շրջակայքը, մարզային եւ համայնքային ճամապարհների հարակից տարածքները, 136 աղբավայրից փակվել է 124-ը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ կապ հաստատելու համար գործում է թեժ գիծ՝ (0232) 3-37-74 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում