«Ջումհուրիեթ»-ի աշխատակիցներից յոթը պայմանական ազատ են արձակվել

Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ սկսված դատական գործով դատարանը որոշում է կայացրել պայմանական ազատ արձակել կասկածյալներից յոթին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկի աշխատակիցների դեմ դատական գործընթացը մեկնարկել է հուլիսի 24-ից: Որպես կասկածյալ են ներգրավված «Ջումհուրիեթ»-ի 17 աշխատակից, այդ թվում և գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն, գործադիր տնօրեն Աքըն Աթալայը: Նրանցից 11-ը գտնվում էին կալանքի տակ, մյուս վեցը՝ երկրից դուրս չգալու պայմանով ազատության մեջ են: Բացի այդ, հետախուզման մեջ են հայտարարված պարբերականի երկու աշխատակից, այդ թվում և նախկին գլխավոր խմբագիր, թուրք առաջատար լրագրող Ջան Դյունդարը:

Հուլիսի 28-ին դատարանը որոշում է կայացրել կալանավորված յոթ կասկածյալներին ազատ արձակելու մասին: Չորսը, այդ թվում և ներկայիս գլխավոր խմբագիր Սաբունջուն, կշարունակեն կալանքի տակ մնալ:

«Ջումհուրիեթ»-ի աշխատակիցները մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ այդ խմբավորմանն աջակցելու», «հանցախմբի անդամ լինելու» մեջ: Նրանց համար պահանջվում է 7.5-ից մինչև 43 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում