Արմավիրցի նորակոչիկները հանդիսավոր երդվեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հուլիսի 29-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Արմավիրի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը։

Սարդարապատի փառապանծ հաղթանակին նվիրված հուշահամալիրի ներքո նորակոչիկների երդումը խորհրդանշական է և յուրատեսակ պատգամ հայրենիքի պաշտպանությանը զորավիգ հայորդիների համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հասարակայնության հետ կապերի և թանգարանային համագործակցության բաժնից, զինծառայողներին ողջունեց և քաջալերանքի խոսք հղեց Արմավիր զինվորական կայազորի հրամանատարությունը՝ ի դեմս գնդապետ Վահագ Ասատրյանի, շտաբի պետ Արայիկ Մինասյանի, բարեմաղթանքներով հանդես եկավ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Զինծառայողներին իր օրհնանքը հղեց Տեր Արիս քահանա Խաչատրյանը:

Սարդարապատի հերոսամարտի խորհուրդը իրենց հոգում, հպարտ քայլերթով՝ նորակոչիկները համալրեցին մեր հաղթական բանակի շարքերը։

ՀՀ Պաշտպանության նախարարության Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։

 1968 թ. կառուցված հուշահամալիրի միջոցով սերնդեսերունդ արժևորվում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը։

Հուշահամալիրի տարածքում Հայոց ազգագրության թանգարանն այցելուների առջև իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։ Թանգարանում պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են հայ ժողովրդի կողմից ստեղծված բազմաշերտ մշակութային ժառանգության կարևոր մասը կազմող ավելի քան 70 000 թանգարանային առարկաներ:

Թանգարանի 6500 քմ ցուցադրական մակերեսի վրա ներկայացված են հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության առանձնահատկությունները՝ ըստ համահայկական և տեղային ընդհանրությունների։ Մայիսյան հերոսամարտերի պատմությանը և հայոց պետականության վերականգնմանը նվիրված հիմնական ցուցադրությամբ ամբողջանում է հուշահամալիրը՝ որպես հայոց ազատատենչ ոգու և ստեղծագործ մտքի բացահայտմանը կոչված մշակութային օջախ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում