Արցախցում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակում հուլիսի 29-ին Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված են Ստեփանակերտի, ինչպես նաեւ Մարտունու շրջանի գյուղական համայնքների ու Մարտունի քաղաքի միջին եւ ավագ դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչների, ինչպես նաեւ դասվարների եւ հումանիտար առարկաների մասնագետների համար:

Ինչպես տեղեկացրին «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնությունից, դասընթացները կազմակերպվում են Հայաստանից ժամանած մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ: Վերապատրաստման ծրագիրը հավանության է արժանացել Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կողմից:

«Վերապատրաստումները հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին ծանոթացնել ուսուցման արդիական մոտեցումներին ու նոր տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ STEM կրթությանը, որը ներառում է միջառարկայական եւ նախագծային մեթոդները, սերմանում ինժեներական մշակույթի տարրեր, ինտեգրված ձեւով ուսուցանում բնական գիտությունները, մաթեմատիկան, քանի որ այս ոլորտները խիստ փոխկապակցված են իրական կյանքում: Նախաձեռնությունը, համոզված ենք, կծառայի նպատակին՝ խթան հանդիսանալով կրթական բարեփոխումների համար՝ ի շահ մատաղ սերնդի դաստիարակության»,- նշում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

«Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ միշտ կարեւորվել է ժամանակակից մեթոդներով դասավանդման հարցը, եւ որոշեցինք համատեղ ուժերով սկսել այս նախաձեռնությունը: Փորձառու մասնագետները ոչ միայն կներկայացնեն կրթության ժամանակակից մոտեցումները, այլեւ պրակտիկ կիրառության գործնական պարապմունքներ կանցկացնեն: Եթե ուզում ենք կրթության ոլորտում առաջընթաց ապահովել՝ ժամանակակից մեթոդների կիրառումը պարզապես անհրաժեշտություն է: STEM-ը ներկայումս համարվում է համաշխարհային կրթության հիմնական միտումներից մեկը, քանի որ ժամանակակից աշխարհում ամենապահանջվածներից են դառնում նշված ոլորտների գիտելիքները»,-ընդգծում է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:

Զուգահեռ երկու դասընթաց է իրականացվելու. առաջինը՝ ուսուցման ժամանակակից մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ նախագծի մեթոդ, STEM կրթություն (Science, Technology, Engineering, Math, կամ՝ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա) եւ երկրորդը՝ հոգեբանական մոտեցումներ, այդ թվում՝ դրական հուզական փոխհարաբերությունների ձեւավորում ու զարգացում, դրական մթնոլորտի ապահովում հոգեբանական հնարքների եւ խաղերի միջոցով:

Դասընթացների առաջին փուլը մեկնարկել է այսօր՝ Մարտունու շրջանում, հաջորդը տեղի կունենա օգոստոսի 8-9-ին՝ Ստեփանակերտում: Դասընթացներին ընդհանուր առմամբ կմասնակցի 120 ուսուցիչ:

Որպես ուսուցանողներ ներգրավվել են դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստումներ վարելու հարուստ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր սովորել կամ կատարելագործվել են արտերկրում։ Կազմակերպիչները համոզված են, որ դասընթացները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ կփոխանցեն, այլ նաեւ կնպաստեն տարբեր դպրոցների ուսուցիչների միջեւ համակարգված համագործակցությանը՝ ստեղծելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների քննարկման հարթակ:

Վերապատրաստման ծրագիրը հագեցած է գործնական, խմբային եւ հետազոտական բնույթի հանձնարարություններով։ Հատկապես շեշտադրվում են STEM կրթության մոտեցումները, որոնք նպաստում են աշակերտների հետազոտական եւ վերլուծական մտքի, համագործակցության կարողությունների զարգացմանը եւ օգնում են ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտությունների ընտրության հարցում։

Ծրագրով վերապատրաստված ուսուցիչներից ոմանք նաեւ կդասավանդեն «Գիտելիքը ուժ է» նախաձեռնության շրջանակում Արցախի Մարտունու շրջանում կազմակերպվելիք համանուն ամառային դպրոցում, որը կմեկնարկի օգոստոսի 1-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում