Թրամփի խորհրդականները պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի դեմ. Politico

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները մի շարք պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին այս մասին Միացյալ Նահանգների վարչակազմի երկու պաշտոնյաներ հայտնել են Politico թերթին, որոնց անունները չեն հայտնում: Նրանց տվյալներով՝ Սպիտակ տանը մշակվող միջոցները կարող են ներառել սահմանափակումներ առեւտրի բնագավառում, ինչպես նաեւ այլ տնտեսական պատժամիջոցներ:

Աղբյուրները հայտնել են, որ անցյալ հանգստյան օրերին կայացած քննարկումները հուլիսի 31-ին կշարունակվեն, իսկ վերջնական որոշումը կընդունվի շաբաթվա ընթացքում: «Սակայն այդ ներկայացուցիչները հավելել են, որ առայժմ շատ վաղ Է ասել, թե ինչպիսին կլինի նախագահի որոշումը»,– նշել է հրատարակությունը: Սպիտակ տան ներկայացուցիչը թերթի հարցմանը չի պատասխանել:

Թրամփը բազմիցս քննադատության է ենթարկել Չինաստանին ԿԺԴՀ-ի նկատմամբ նրա «անգործության» համար: Հուլիսի 29-ին նա վերստին հայտարարել է Պեկինից իր «հիասթափության» մասին: «Մեր (ամերիկացի) նախկին հիմար ղեկավարները նրանց (չինացիներին) թույլ են տվել տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ վաստակել (երկկողմ) առեւտրից: Սակայն նրանք (Չինաստանի ղեկավարները) ոչինչ չեն անում մեզ համար Հյուսիսային Կորեայի հետ, սոսկ ասում են: Մենք այլեւս թույլ չենք տա, որ դա շարունակվի: Չինաստանը հեշտությա՛մբ կարող է լուծել այդ խնդիրը»,- գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն իր Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում