Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ahaber.com.tr-ն:

Արդարություն և զարգացում կուսակցությունը, որն իր առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը հիմնել է Բրյուսելում, պատրաստվում է օտարերկրյա ներկայացուցչություններ հիմնալ ևս 6 երկրներում:

Այս որոշումը կայացվել է AKP կենտրոնական գործադիր խորհրդի նիստում, որը կայացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Կուսակցությունն արդեն սկսել է ներկայացուցչությունների բացման ուղղությամբ աշխատանքները:

Առաջին գրասենյակները նախատեսվում է բացել Ադրբեջանում, Եվրոպայում, Բալկանյան երկրներում և ԱՄՆ-ում:

Եվրոպայում առաջին կուսակցական ներկայացուցչությունը նախատեսվում է բացել Գերմանիայում, որտեղ թուրքական սփյուռքը մեծ թիվ է կազմում:

Կուսակցության մեկնաբանությամբ` ներկայացուցչությունները փորձելու են այնպես անել, որ չկտրվի արտերկրում բնակվող թուրքերի և հայրենիքի կապը, պայքարելու են գյուլենականության դեմ:

Մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամսվա դադարից հետո կրկին վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:

Մայիսի 21-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը կրկին զբաղեցրել է կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Էրդողանը 2014 թվականի օգոստոսի 10-ին նախագահ ընտրվելուց հետո օգոստոսի 27-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմակերպած արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության նախագահությունը հանձնել էր Ահմեդ Դավութօղլուին` հեռանալով կուսակցությունից:

Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելիությունն արգելվում էր: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում