«Նվագախմբի երեխաները» մյուզիքլը հավակնում է էկրանի շուրջ հավաքել ամբողջ ընտանիքին

«Նվագախմբի երեխաները» նախագիծն էկրանին կլինի «Արմենիա Պրեմիումի» աշնանային եթերաշրջանում: Վիրտուալ երաժշտական դպրոցում զարգացող իրադարձությունների մասնակիցները 6-17 տարեկան երեխաներ են` վառ ընդգծված կերպարներ, որոնք լուծում են կոնկրետ խնդիրներ: «Մյուզիքլում գլխավոր և երկրորդական կերպարներ չկան: Բոլորն էլ իրենց հերթին, հայտնվելով որոշակի իրավիճակներում, լուծումներ են փնտրում: «Նվագախմբի երեխաները» միանշանակ մեկ ժանրի մեջ տեղավորելը դժվար է, քանի որ այն և´ բազմասերիանոց ֆիլմ է, և´ կատակերգություն, և՛ երաժշտական նախագիծ: Եթե փորձենք նկարագրել թիրախային լսարանը, ապա պիտի ասենք, որ ֆիլմը մինչև 17-18 տարեկանների համար է, բայց համոզված եմ, որ այն կդառնա ընտանեկան դիտման ֆիլմ, քանի որ երկխոսությունները, երաժշտությունն ու հումորն այնպես են կառուցված, որ կհետաքրքրեն բոլոր տարիքային խմբերին»,- վստահեցնում է նախագծի կրեատիվ պրոդյուսեր Ջեյմս Նազարյանը:

12 մասից բաղկացած մյուզիքլի շրջանակում պատանի հեռուստադիտողները կծանոթանան հայ և համաշխարհային դասականներին, ազգային երաժշտության գանձարանին, և այդ ամենը` գրական հայերենով: «Մենք փորձել ենք ցույց տալ, որ կատակել կարելի է նաև մաքուր հայերենով, և դրանից հումորի ուժը չի պակասում»,-ասում է նախագծի գաղափարի և սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանը:

Նման նախագիծ ստեղծելու գաղափարը, նրա խոսքով, ծագել է տարիներ առաջ. դրդապատճառը` լսարանի համար նման հաղորդումների պակասն էր: «Շատ կարևոր է նաև այն, որ «Նվագախմբի երեխաները» լրիվ նոր նախագիծ է, այն փոխառված չէ որևէ հեռուստաընկերությունից, ավելին` արտասահմանյան նման ձևաչափ գոյություն չունի»,-վստահեցնում է հեղինակը:

Ինչպես այս նախագծում ամեն ինչ, երաժշտությունը նույնպես նոր է: «Նվագախմբի երեխաները» մյուզիքլի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ուրախությամբ է փաստում երաժշտական քասթինգի առաջացրած ոգևորության մասին. «Մեծ թվով երգահաններ` հիմնականում անհայտ, երբ իմացել են քասթինգի մասին, գրել ու ներկայացրել են մոտ 400 երգ, շեշտում եմ` դրանք հատուկ նախագծի համար են գրվել, որոնցից մասնագիտական ժյուրին ընտրել է 25-30-ը»:

Թե ով ինչ կերպար պետք է կերտի, դարձյալ մասնագետներն են որոշել. համապատասխան դերերը ստանձնել են խաղարկային իրավիճակում լավագույնս իրենց դրսևորած դերասանները: 14-ամյա Հայկուհին հավաստիացնում է, որ նախօրոք գրված սցենարի համաձայն դերերը բաշխվել են արդարացիորեն: «Տրիո ստուդիայի» սանն առաջին անգամ բեմում կհայտնվի «Նվագախմբի երեխաները» նախագծի շրջանակում:
«Սա իմ առաջին փորձն է` որպես դերասան: Կարծում եմ` հայտնիությունը հաշվի չեն առել մասնակիցներին ընտրելիս, քանի որ շատ երեխաներ կան այստեղ, որ առաջին անգամ են բեմ բարձրանում»,-ասում է Հայկուհին: Հայկուհին մյուզիքլում ներկայանալու է որպես ազնիվ, ճշտապահ ու, ինչպես ինքն է ասում, մի քիչ էլ «խաբարբզիկ» աղջնակ: Ֆիլմի կերպարն, ընդհանուր առմամբ, իրական կերպարին համապատասխանում է:

«Նվագախմբի երեխաներն» իրականություն կդարձնի ոչ միայն Հայկուհու` հեռուստատեսությունում հայտնվելու երազանքը: Իրենց հեռուստատեսային նորամուտը նշում են նաև Մկրտիչ Արզումանյանի և Գրիգոր Դանիելյանի որդիները՝ Ալիկը և Ալբերտոն։

«Մանկական նոր ալիք-2017» երգի մրցույթում առաջին տեղ գրաված Անահիտն ապրում է Սոչիում, Երևան եկել է ամառային արձակուրդներն անցկացնելու նպատակով և հայտնվել մանկապատեկան մյուզիքլի հերոսների շարքում: 14-ամյա երգչուհին նոր դերի մասին շատ բան չի պատմում, ընդամենը մի քանի բառով բնորոշում է կերպարը. «Ես այնտեղ գլամուր աղջիկ եմ, ով անընդհատ սելֆիներ է անում: Երկվորյակ քույրիկ ունեմ, ով ինձնից 15 րոպե շուտ է ծնվել և մեծի իրավունքով անընդհատ դիտողություններ է անում ինձ»: Առհասարակ, Անահիտն աշխատում է չկաշկանդվել բեմում. պապիկը` Աշոտ Ղազարյանն է խորհուրդ տվել:

Մյուզիքլում Անահիտի մեծ քույրիկը` Մերի Քոչարյանը, խելացի ու հավասարակշռված կերպար է: Իրականում էլ է այդպես, վստահեցնում են խաղընկերներն ու թիմի անդամները: Մերին 2013թ. մասնակցել է «Մանկական նոր ալիք» մրցույթին և գրավել երրորդ հորիզոնականը: Մերին տխրել է, որ նկարահանումներն ավարտվել են. նկարահանվելը 14-ամյա աղջնակին դուր է գալիս: Այս ասպարեզում փորձը ձեռք է բերել ամանորյա ֆիլմերում նկարահանվելու շնորհիվ:

Մյուզիքլի մյուս մասնակցին` Դալիթային, հեռուստադիտողը ճանաչում է «Մանկական Եվրատեսիլից»: Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհին ևս դերասական որոշ ճանապարհ է անցել. նկարահանվել է մի շարք սիթքոմներում, ինչպես նաև «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմում: Դալիթան նոր դերը հեշտությամբ է կերտում, քանի որ, ինչպես ինքն է ասում, այն լիովին համապատասխանում է իր իրական կերպարին:

Հիշեցնենք, որ «Նվագախմբի երեխաները» «ArmStar» և «Ucom» ընկերությունների համատեղ նախագիծն է:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում