ԻՊ-ի ահաբեկիչներին դուրս են մղել Ռաքայի հանգուցային շրջաններից

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) վերջին օրերին հսկողության տակ են վերցրել Սիրիայի Ռաքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատվարի հանգուցային շրջանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԻՊ-ի դեմ կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մաքհերքը: 

«Ռաքայում զգալի առաջընթաց է գրանցվել վերջին 24 ժամում, հսկողության տակ են վերցվել հանգուցային շրջանները եւ ազատվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ»,- գրել է Մաքհերքը Twitter-ում:

Քրդական ջոկատների ներկայացուցիչ Նուրի Մահմուդը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է, որ օգոստոսի 1-ին ԻՊ-ի զինյալները դուրս են մղվել Նազլեթ-Շահադ եւ Հաշիմ բին Աբդել Մալիք հարավային թաղամասերից:

Հաղորդվում է, որ SDF-ի ուժերը գտնվում են ԻՊ-ի շտաբից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Ժամի աշտարակի հրապարակում, որտեղ զինյալները հրապարակային մահապատիժներ եւ հաշվեհարդարներ էին կազմակերպում:

2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան հայտարարեց սիրիական Ռաքա քաղաքի՝ ԻՊ-ի հենարանի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Հուլիսի սկզբին կոալիցիայում հայտնել են, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ճեղքել են զինյալների պաշտպանությունը հին քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում