Երևանը սեպտեմբերին իրանական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես կհյուրընկալի

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում օգոստոսի 1-ին հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը, որին ներկա էին նաև ԻԻՀ տնտեսական ոլորտի մի շարք խոշոր ընկերությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, անցկացվել է համատեղ քննարկում՝ նվիրված Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը և երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը շոշափել են Հայաստան-Իրան երկկողմ առևտրի ակտիվացման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման, ինչպես նաև տնտեսական հարցերին առնչվող տեղեկությունների համակարգված փոխանակման խնդիրները՝ անդրադարձ կատարելով սեպտեմբերի 21-25-ը Երևանում իրանական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպչական հարցերին:

Հանդիպման օրակարգում էին նաև ԵԱՏՄ-ԻԻՀ բանակցությունների ժամանակ առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ երկու երկրների պետական մարմինների կողմից իրականացվելիք քայլերի հետ կապված մի շարք հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում