ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի վրա «խաղաղ ճնշման» արշավ է իրականացնելու

Միացյալ Նահանգների վարչակազմը պլանավորում է ԿԺԴՀ-ի վրա «խաղաղ ճնշման» արշավ իրականացնել, սակայն Վաշինգտոնը չի ձգտում այդ երկրում հասնել վարչակարգի փոփոխման եւ Կորեական թերակղզու արագ վերամիավորման: Օգոստոսի 1-ին այս հայտարարությամբ լրագրողների առջեւ հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք երկարատեւ ինտենսիվ արշավ ենք նախաձեռնել, որը ես նախընտրում եմ անվանել խաղաղ ճնշում: Բանն այն է, որ, ինչպես դուք հասկանում եք, մենք (գործողությունների) այնքան էլ շատ տարբերակներ չունենք»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: «Մենք համարեցինք, որ տեղին կլինի նախ խաղաղ ճնշում գործադրել հյուսիսկորեական վարչակարգի վրա, որպեսզի նա համաձայնի բանակցություններ սկսել մեզ եւ ուրիշների հետ:

Սակայն պետք է լինի ըմբռնում, որ այդ բանակցությունների պայմանն այս է. ԿԺԴՀ-ն չի կարող ապագայում ունենալ միջուկային զենք կամ այն տարածաշրջանի ինչ-որ պետություններ եւ առավել եւս մեր երկիր հասցնելու հնարավորություններ»,– պարզաբանել է Թիլերսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում