Օգոստոսի 3-7-ը օդի ջերմաստիճանը օր օրի կբարձրանա

Առաջիկա օրերին հանրապետության տարածք է մուտք գործելու իրաքյան ջերմային ցիկլոնը, որի հետևանքով սպասվում է օդի ջերմաստիճանի օր օրի բարձրացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ներկայումս Իրաքում գտնվող ջերմային ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հյուսիս և վաղվանից սկսած այն հարավից բարձրանալու է Կովկաս: Օգոստոսի 3-7-ը գտնվելու ենք այդ տաք ցիկլոնի ազդեցության ներքո: Տաք օդի ներհոսքը սկսվելու է հարավ-արևմուտքից և ազդելու է Արարատյան դաշտի, Սյունիքի հովտային գոտիների վրա: Եթե նախորդ օրերին այդ գոտիներում օդի ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա օգոստոսի 3-ից ամեն օր 1-ական աստիճանով ջերմաստիճանը բարձրանալու է, իսկ առավել շոգ կլինի օգոստոսի 6-ին և 7-ին: Սյունիքի նախալեռներում մինչև 36 աստիճանի տաքություն է սպասվում, իսկ Արցախում՝ մինչև 38 աստիճանի»,- ասաց Սուրենյանը:

Նրա խոսքով՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36 աստիճան, ինչը լեռնային շրջանների համար բավականին բարձր է: «Լոռիում առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36 աստիճան: Տավուշի հովտային գոտիներում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի: Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում ջերմաստիճանը կհասնի 38-40-ի: Արարատյան դաշտում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, նույնը վերաբերում է Երևանին, իսկ ցածրադիր հատվածներում չի բացառվում 42 աստիճանի տաքություն»,– ընդգծեց Սուրենյանը:

Ըստ օդերևութաբանի՝ 42 աստիճանի տաքություն կանխատեսվում է նաև Սյունիքի հովիտներում, մասնավորապես Մեղրի և Ագարակ բնակավայրերում:

Սուրենյանը նշեց, որ արաբական անապատներից եկող տաք ցիկլոնը բերելու է իր հետ արևադարձային չոր անապատային օդ:

«Օդի մեջ կտրուկ կավելանա փոշու զանգվածը, հորիզոնական տեսանելիությունը կնվազի: Բացի այդ, օդի հարաբերական խոնավությունը խիստ կնվազի: Եթե ամռան ամիսների միջին հարաբերական խոնավությունը Արարատյան դաշտում սովորաբար կազմում է 40 տոկոս, ապա չի բացառվում, որ այդ օրերին խոնավությունը հանրապետությունում իջնի 7-9 տոկոսի»,– ասաց Սուրենյանը:

Նրա խոսքով՝ ողջ ամսվա ընթացքում սպասվում է տաք օդի «անոմալիա», այսինքն՝ ջերմային ֆոնը ողջ ամսվա ընթացքում շարունակելու է ակտիվ լինել:

Օդևրևութաբանը խորհուրդ է տալիս ժամը 11-17-ն ընկած ժամանակահատվածում նման ջերմային ֆոնում անպայման խուսափել արեգակնային ուղիղ ճառագայթներից, օգտագործել հեղուկներ, չօգտագործել ալկոհոլային խմիչքներից:

Ամփոփելով հուլիս ամիսը՝ Սուրենյանն ասաց, որ հուլիսին հանրապետության հովտային շրջաններում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում 15 օր ջերմաստիճանը տատանվել է 38-40 աստիճանի սահմաններում: Իսկ հուլիսի 29-ին գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան. Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է 42,6 աստիճանի, որը կրկնել է 1986 թվականի ջերմաստիճանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում