Անկարայի նահանգապետարանը մեկ ամսով արգելել է զանգվածային հավաքները

Անկարայի նահանգապետարանը արտակարգ դրության ռեժիմի շրջանակում զանգվածային հավաքների վերաբերյալ արգելքներ է սահմանել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նահանգապետարանը Անկարայի տարածքում մեկ ամիս ժամկետով արգելել է հրապարակային վայրերում հացադուլների, նստացույցների, հիշատակման արարողությունների, համերգների, երթերի, ակցիաների և այլ զանգվածային հավաքների անցկացումը:

«Մենք հաշվի ենք առել, որ նման եղանակային պայմաններում, պայմանավորված շոգով, այս տեսակ միջոցառումների ժամանակ մարդիկ կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին: Հաշվի ենք առել նաև «Իսլամական պետության» և այլ նման ահաբեկչական խմբավորումների կողմից եկող հասարակության անվտանգության համար հնարավոր վտանգները»,- ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ:

Թուրք ընդդիմադիրների կարծիքով` պետությունն արտակարգ դրության ռեժիմի շրջանակում զանգվածային միջոցառումներն ու ցույցերն արգելել է արդարության վերականգնման պահանջով իրականացվող շարժումները կանխելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում