Փոխնախարարը ոռոգման ջրի հետ կապված խնդիր է տեսնում Արմավիրի տարածաշրջանում

Գյուղատնտեսության նախարարությունը և Ջրային տնտեսության պետական կոմիտեն, համատեղ քննարկումից հետո, եկել են այն եզրակացության, որ ոռոգման ջրի հետ կապված առավել բարդ խնդիր ունի Արարատյան դաշտի Արմավիրի տարածաշրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

«Այս տարի Ախուրյանի ջրամբարում, նախորդ տարվա համեմատ, 100 միլիոն խորանարդ մետրից պակաս ջուր էր կուտակվել : Բացի այդ, օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է նրան, որ ջուրն անընդհատ գոլորշիանա, ինչը ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ է առաջացնում»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` փորձ է արվում այնպես անել, որպեսզի բուսականությունը գոնե նվազագույն չափերով ջրով ապահովվի:

Նախարարի տեղակալը նշեց, որ հանրապետության մնացած մասերում խնդիրն ավելի մեղմ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում