Իսպանիայի վարչապետը խոստացել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն չի կայանա

Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը օգոստոսի 2-ին հավաստիացրել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որը տարածքային իշխանությունները պլանավորում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, չի կայանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է El Pais թերթը: Ըստ նրա տեղեկատվության, վարչապետն ընդգծել է, որ «օրենքը եւ ժողովրդավարությունը չի կարելի բաժանել», եւ հավելել է, որ «Իսպանիան զարգացած ժողովրդավարություն Է»: Ռախոյը նշել է, որ «հոկտեմբերի 1-ին հանրաքվե չի լինի» թագավորության կազմից Կատալոնիայի դուրս գալու շուրջ: Կառավարության ղեկավարը, որն այժմ հանգստանում է Գալիսիայի ինքնավար հանրակցությունում, նաեւ չի բացառել, որ օգոստոսի 16-ին Նախարարների խորհրդի արտահերթ նիստ կգումարի, եթե կատալոնական իշխանությունները փորձեն հավանություն տալ հանրաքվեի օրենքին: «Սկզբունքորեն ես դա չեմ բացառում»,- ասել է Ռախոյը, հավելելով, որ սկզբնապես հաջորդ նիստը պլանավորված էր օգոստոսի 25-ին: Կատալոնիան ինքնավար հանրակցություն է պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից հետո Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց այս փաստաթղթի գործողությունը:

Չնայած դրան, հունիսի սկզբին ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ անկախության հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին: Հարցը, որը պլանավորում են հանրահարցման դնել, կհնչի հետեւյալ կերպ. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով»,- հաղորդել  է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում