Շուլցի վարկանիշը կանցլերի թեկնածու առաջադրվելու պահից ի վեր հասել է ամենացածր նշագծին

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցի վարկանիշն ամենացածր նշագծին է հասել Բունդեսթագի առաջիկա ընտրություններում հունվարին կանցլերի թեկնածու առաջադրվելու պահից ի վեր: Այդ մասին վկայում են օգոստոսի 2-ին հրապարակված ուսումնասիրության արդյունքները, որը Stern հանդեսի եւ RTL հեռուստաալիքի պատվերով անցկացվել է Forsa սոցիոլոգիական ինստիտուտի կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եթե կանցլերն ընտրվեր թեկնածուի ուղղակի քվեարկության ճանապարհով, ապա Անգելա Մերկելը կհավաքեր ձայների 52 տոկոսը, Շուլցը՝ ընդամենը 21 տոկոսը: Անցած շաբաթվա համեմատությամբ նա կորցրել Է երկու տոկոսային կետ: Գործող կանցլերի վարկանիշը չի փոխվել:

Հարցման արդյունքներով՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշն այժմ, խորհրդարանական ընտրություններից մոտավորապես մեկուկես ամիս առաջ, կանգ է առել 22 տոկոսի մակարդակի վրա: Այն դեպքում, եթե քվեարկությունն անցկացվեր այս շաբաթ, սոցիալ-դեմոկրատները Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքից հետ կմնային ամբողջ 18 կետով: ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշն անցած շաբաթվա համեմատությամբ չի փոխվել, պահպանողական դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 40 տոկոսը:

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա Ազատ դեմոկրատական կուսակցության, Ձախ կուսակցության եւ «կանաչների» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8-ական տոկոսը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից եվրոսկեպտիկների վարկանիշը բարձրացել է մեկ տոկոսային կետով, նրանք նույնպես կհավաքեին 8 տոկոս: Նրանց բաժինը, ովքեր դեռ չեն կողմնորոշվել կուսակցության հարցում կամ ընդհանրապես չեն պատրատվում գնալ ընտրատեղամասեր, կազմում է մոտավորապես 23 տոկոս:

Forsa-ի հարցմանը մասնակցել է Գերմանիայի՝ ընտրելու իրավունք ունեցող 2,5 հազար քաղաքացի:

Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով կձեւավորվի ԳՖՀ-ի կառավարությունը եւ կընտրվի կանցլերը, կանցկացվեն սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում