Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում հասցեական աջակցություն ցուցաբերել աղետներից տուժած գյուղացիներին

ՀՀ կառավարությունն իրականացրել է համալիր ուսումնասիրություններ և վեր հանել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելավներից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրվել էր հանձնարարական:

«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին՝ 1-ամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում