ՏԻՄ-երի նախաձեռնողականության պարագայում կառավարությունը պատրաստ է խրախուսել համայնքների զարգացման ծրագրերը. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առջև կանգնած կարևորագույն մարտահրավերներից են։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գործադիրը պատրաստ է խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին` ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն` սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու և արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում: «2017 թվականի տեղական բյուջեների պլանավորման գործընթացում տեղական իշխանություններն ավելի հավակնոտ գտնվեցին, արդյունքում սեփական եկամուտների մասով պլանային ցուցանիշը, առանց Երևանի, ավելացել է 17.3 տոկոսով, հուսադրող են նաև 2017 թվականի սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային ցուցանիշները, անցած տարվա կիսամյակային փաստացի հավաքագրման ցուցանիշը գերազանցվել է շուրջ 950 մլն դրամով։ Տարածքային ու տեղական ինքնակառավարման մակարդակում մեր իրականացրած ծավալուն ուսումնասիրությունների, մարզային ու համայնքային բազմաթիվ այցելությունների ու քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր խնդիրներ, որոնք պահանջում են արդյունավետ և արագ լուծումներ։ Մասնավորապես, արմատական վերանայման կարիք ունեն տեղական բյուջեների սեփական եկամուտների պլանավորման ու կատարման գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, այս միջոցների հաշվին է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինները բնակիչներին պետք է տրամադրեն իրենց լիազորությունների շրջանակում բավարար ծավալի ու որակի ծառայություններ, ձևավորեն բնակավայրերում բարվոք կենսամիջավայր։

Ըստ վարչապետի՝ էական անհամաչափություններ, շատ անգամ կարգերով գնահատվող անհամաչափություններ են արձանագրվում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ինչպես ծառայությունների համադրելի ֆիզիկական ծավալներում, այնպես էլ այդ ծառայությունների համար իրականացվող ծախսերում: «Մեկ շնչի հաշվով հաշվարկային սեփական եկամուտները մարզերում տատանվում են 5.6 – 11.3 հազ դրամով: Ծախսերի մասով, նույն համայնքում տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի քանակը, խտությունը, հաստիքները, աշխատավարձերն ու սննդի ծախսերը էապես տարբերվում են այլ հավասար պայմանների դեպքում։ Էական տարբերություններ են արձանագրվում նաև հանրակրթության բնագավառում, այսօրվա կառուցվածքի արդյունքում մեր դպրոցներում մեկ աշակերտի բերված ֆինանսավորումը տատանվում է 129 հազար դրամից մինչև 5.5 մլն դրամ, այստեղ լուրջ քայլեր պետք է իրականացնել կրթության անհրաժեշտ որակը բոլոր դպրոցներում ապահովելու առումով»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գրեթե բոլոր մարզերում աղբահանությանը և սանմաքրման աշխատանքներին ուղղված ընդհանուր ծախսերը գերազանցում են հավաքագրված գումարները: Վարչապետի դիտարկմամբ, կան մարզեր, որտեղ հավաքագրված գումարների կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է շուրջ 25 տոկոս, ընդ որում շատ մեծ անհամաչափություն է նկատվում մեկ իրավաբանական անձի հաշվով հավաքագրված գումարների մեջ։ Մարզերում նշված ցուցանիշը տատանվում է 284 դրամից մինչև 1586 դրամ, այսինքն՝ 5.5 անգամ տարբերություն։ Իրավաբանական անձանցից աղբահանության իրականացման կնքված պայմանագրերի ցուցանիշը տատանվում է 5-30 տոկոս:

«Շատ տարբեր են մոտեցումները նաև մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարների հավաքագրման մասով, ծախսերի ամբողջական սուբսիդավորումից մինչև 100 տոկոս ծախսերի հավաքագրում։ Սոցիալական օժանդակության պատկերը մարզերում ևս խիստ տարբեր է։ Տատանվում է 1- 7.8 տոկոս։ Մենք ունենք համայնքներ, որտեղ 15 տոկոս է, 20 տոկոս է և ավելին: Խոսքը միջինացվածի մասին է: Նշված խնդիրների լուծման գործընթացում առանցքային դերակատարում ունեն մարզպետները»,- ասաց վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծը՝ գնահատման հիմնական ցուցանիշ դիտարկելով մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեղծված նոր աշխատատեղերը, առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերը, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում կատարված աշխատանքները, կրթական հաստատություններում, օրինակ՝ աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը, ֆերմերային տնտեսությունների զարգացումը և գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրումը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, սեփական եկամուտների, ծառայությունների ու դրանց դիմաց հավաքագրումների ցուցանիշների դինամիկան։

«Մենք ունենք մարզերի անձնագիր, որտեղ 69 հայտանիշով գնահատվում է մարզը: Դա աշխատում է, և մենք աշխատանքային այցերի ժամանակ դրանց մասին խոսում ենք, մարզպետները այդ ցուցանիշներն ու հայտանիշերն ուսումնասիրում են՝ ինչու է այսպես մի մարզում, մեկում՝ այլ կերպ: Մենք այժմ Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ տարբերակ ենք քննարկել և կներկայացնենք հաստատման, որով 11 խոշոր հայտանիշով տարվա ընթացքում գնահատելու ենք մարզային թիմերի աշխատանքի արդյունավետությունը»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում