Ջերմուկ քաղաքի կառուցապատման նպատակով հատկացվեց 1 միլիարդ 190 մլն դրամ

ՀՀ կառավարությունը Ջերմուկ քաղաքի կառուցապատման նպատակով Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացրեց 1 միլիարդ 190 մլն դրամ:

«Հայտնի է, որ մենք տարածքային անհամաչափության վերացման ուղղությամբ հանրապետությունում նախատեսում ենք 8-10, կարելի է ասել, չակերտավոր մեգապոլիսներ, որոնք իրենց շրջակայքի, գյուղական բնակավայրերի տարածքները պետք է աշխուժացնեն՝ առավել հզոր լինելու պայմանով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով, հատկացված միջոցների նպատակն է հզորացնել ենթակառուցվածքները, ինչպես նաև նպաստել ընդհանուր բնակավայրի միջավայրի նորմալ ձևավորմանը: «Իսկ հաջորդ տարի, շարունակական այս ծրագրով, մենք ստեղծելու են բիզնեսի համար անհրաժեշտ մի շարք ենթակառուցվածքներ, որոնք Ջերմուկը դարձնելու են խիստ արդյունավետ կենտրոն, գրավչությունը խիստ մեծանալու է»,– ասաց նախարարը:

«Բոլորս հասկացե՞ լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է»,– կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Բայց չակերտները չմոռանաք»,- արձագանքեց Դավիթ Լոքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում