Պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգում արձանագրվել են խնդիրներ

Պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգում արձանագրվել են խնդիրներ

Կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգի և դրա գործնականում կիրառման վերաբերյալ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել կամ, երբ վարձակալության հանձնված գույքը ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության: «Առկա են նաև խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով: Այս իրավիճակը պայմանավորված է և 2001 թվականին ընդունված կարգի վերանայման անհրաժեշտությամբ և կադաստրային արժեքի, շուկայական արժեքի գործնականում առկա անհամաչափություններով, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նկատմամբ ոչ լիարժեք հսկողական մեխանիզմների առկայությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի՝ վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես անդրադառնալով վարձավճարի հաշվարկման բանաձևին, հսկողական մեխանիզմների կատարելագործման, կադաստրային արժեքի և շուկայական արժեքի անհամաչափություններին, միաժամանակ ուսումնասիրելով նման գույքի ենթավարձակալության տրամադրման արգելքի սահմանման հնարավորությանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում