Համանախագահները հասկանում են, որ ԼՂ հարցում առաջընթացի անհնարինության պատճառն Ադրբեջանն է. Շավարշ Քոչարյան

Համանախագահները հասկանում են, որ ԼՂ հարցում առաջընթացի անհնարինության պատճառն Ադրբեջանն է. Շավարշ Քոչարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում մեկ խնդիր ունեն՝ կանխել ռազմական հնարավոր զարգացումները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունն է նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, նրանք շատ լավ հասկանում են, որ այս հարցում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է և դրա պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ: Ըստ Քոչարյանի, Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը՝ լինի Արցախի հետ շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին։ Նրա խոսքով՝ Արցախի հետ շփման գծում այժմ հարաբերականորեն լռություն կարող է տիրել, սակայն միջադեպեր տեղի են ունենում և այնտեղ, և Հայաստանի հետ սահմանին։ «Այդ ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խնդրի խաղաղ լուծմանը ու նախկինի պես հույս ունի այն ուժով լուծել»,- հավելեց Քոչարյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում