Տավուշցիները գոհ են «Մեղրի և հատապտուղների» փառատոնից

Տավուշցիները գոհ են «Մեղրի և հատապտուղների» փառատոնից

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորանի այգում ամենուր զգացվում էր մեղրի ու հատապտուղների բույրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 13-ին Բերդում տեղի ունեցավ «Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնը։

Փառատոնի շրջանակում բազմաթիվ տավուշցիներ իրենց տաղավարներում ներկայացնում էին սեփական արտադրության մեղրը, պատրաստած թխվածքներն ու իրենց ստացած հատապտուղները։

Մասնակիցներից մեկը՝ Լորիս Ավագյանը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է, ասաց, որ փառատոնն, ինչպես միշտ, շատ կազմակերպված է անցնում, և իրենք տարեցտարի ավելի շատ փորձ են ձեռք բերում։

«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք կազմակերպչական առումով, վաճառքից էլ չենք դժգոհում։ Փառատոնի շրջանակում, արդեն 6 տարի շարունակ, մենք մատուցում ենք ժողովրդին մեր ստեղծած բարիքները, իսկ մեղվաբուծությամբ զբաղվում եմ 25 տարի… Հիմնականում հայաստանցի զբոսաշրջիկներ են այցելում, բայց լինում են նաև օտարազգիներ»,- նշեց մեղվաբույծ Ավագյանը։ Նրա պնդմամբ, ներկայացված մեղրերի տարբերությունն ավելի շատ անհատական փորձի, գիտելիքների և հմտությունների արդյունք է։ 

Մեկ այլ մասնակից՝ Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Լիդա Ծատուրյանն, իր ամուսնու հետ առաջին տարին էր մասնակցում փառատոնին, բայց իրենք արդեն ավելի քան 10 տարի զբաղվում են մեղվաբուծությամբ։

«Մենք շատ գոհ ենք մեր աշխատանքից։ Չնայած շատ ժամանակ է պահանջում, բայց սիրով ենք կատարում այն։ Մենք առաջին անգամ ենք մասնակցում, իսկ առհասարակ ստացած բերքը մենք վաճառում ենք Երևան քաղաքում։ Հիմնականում լորենու մեղր ունենք, բայց մեր բնությունը շատ բազմազան է, ամեն տեսակի էլ կա»,- ասաց Լիդա Ծատուրյանը։

«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում փառատոնի վերաբերյալ նշեց, որ այդ տարածաշրջանն այնպիսի վիճակում է գտնվում, որ անպայման պետք են որոշակի ալիքներ և խթանիչներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել զարգացում։

«Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի նմանատիպ միջոցառումներով խթանենք մարդկանց այցն այստեղ։ Այդ այցելությունները, ծանոթությունները այստեղ կարող են ծնել տարբեր բիզնեսներ, նախաձեռնություններ, աջակցության ծրագրեր»,- ասաց Չոբանյանը։

Նա ընդգծեց, որ տարեցտարի գրանցվում են բովանդակային զարգացումներ՝ տաղավարների թիվն է շատանում, մարդիկ ամեն տարի սկսում են ավելի հետաքրքիր ձևով մասնակցել՝ ձևավորումներ են անում, ավելի ներկայանալի ենք փորձում լինել։ Չոբանյանի խոսքով՝ այս գործը շարունակական է, և ամեն տարի պետք է այս ամենի շուրջ հավաքել տարբեր գործընկերների, ում հետ ավելի հզոր կլինեն։ 

Այս ամենի հետ մեկտեղ 6-րդ «Մեղրի և հատապտուղների» փառատոնին կազմակերպվեցին նաև մրցույթներ, որոնցից ամենահետաքրքիրը մեղրով տորթի մրցույթն էր։

Հայկ Չոբանյանն ասաց, որ այսուհետ այդ մրցույթը կդառնա ավանդույթ «Մեղրի և հատապտուղների» փառատոնի համար։

Փառատոնի շրջանակներում կային մասնակիցներ, ովքեր իրենց ձեռագործ աշխատանքներ էին ներկայացնում զարդերի, փոքրիկ փայտե քանդակների, տեքստիլի տեսքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում