Երկնքից հրդեհաշիջումը զգալի չափով կանխել է կրակի տարածումը Խոսրովի արգելոցում

Երկնքից հրդեհաշիջումը զգալի չափով կանխել է կրակի տարածումը Խոսրովի արգելոցում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռն օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվելուց հետո իրականացրել է 4-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:

Նույն օրը, ժամը 17.33-ին ռուսական ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը:

Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:

Ելնելով Խոսրովի արգելոցում իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հիշեցնում է, որ «ԻԼ-76» ինքնաթիռի ջրատարողությունը 42 տոննա է, և այն լիցքավորվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ 10 տոննա տարողությամբ ջրատարների օգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում