ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները կարեւորել են ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի փոխադարձ սադրանքների «արգելակումը»

ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները կարեւորել են ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի փոխադարձ սադրանքների «արգելակումը»

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին օգոստոսի 15-ին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անհրաժեշտ է համարել ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին հետ պահել փոխադարձ սադրիչ գործողություններից՝ Կորեական թերակղզու իրադրությունը կայունացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հրապարակված հաղորդագրության մեջ:

«Առաջնահերթ խնդիրն է՝ ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին դրդել «արգելակել» փոխադարձ հրահրիչ հայտարարություններում ու գործողություններում, իջեցնել լարվածության աստիճանը եւ կանխել «օգոստոսյան ճգնաժամի» ծագումը»,-ասել է Վան Ին:

«Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի լուծումը համապատասխանում է շահագրգիռ բոլոր կողմերի շահերին, ներառյալ Չինաստանը եւ Ռուսաստանը: ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն սերտ գործակցություն են պահպանում թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջ, ինչը ռուս-չինական ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի մարմնացումն է»,-ընդգծել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարը,

Մինչդեռ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել հարված հասցնելու ցանկացած պահի այն դեպքում, եթե ինքը նման որոշում ընդունի: ԿԺԴՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճիշտ ընտրություն կատարի, որպեսզի խուսափի վտանգավոր ռազմական հակամարտությունից:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ այժմ ամենից կարեւորը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման կանխումն է:

«Մենք համաձայնեցինք, որ ամենից կարեւորն է թույլ չտալ, որ Հյուսիսային Կորեան հրթիռի արձակում իրականացնի»,- ասել է Աբեն՝ խոսելով Գուամի ուղղությամբ հրթիռ արձակելու ԿԺԴՀ-ի ավելի վաղ հնչեցված պլանի մասին: Ընդսմին, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, դրա համար Ճապոնիային անհրաժեշտ է աշխատել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ համագործակցել ամբողջ համաշխարհային հանրակցության, առաջին հերթին Չինաստանի եւ Ռուսաստանի հետ:

Իր հերթին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միջազգային հանրակցությանը կոչ է արել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ճգնաժամի կարգավորման համար օգտագործել խաղաղ, այլ ոչ թե ռազմական միջոցներ, որն, իր հերթին, պետք է ձեռնպահ մնա սադրիչ գործողություններից:

«Այս տագնապալից պահին Եվրամիությունը պաշտպանում է մեր գործընկերների հետ համատեղ դիվանագիտական աշխատանքը, որը նպատակամղված է լարված իրադրության լիցքաթափմանը եւ Կորեական թերակղզու լիակատար, ստուգելի եւ անդառնալի միջուկազերծմանը խաղաղ եւ ոչ ռազմական միջոցներով»,- հայտարարել է Մոգերինին:

«ԵՄ-ն պատրաստ է պաշտպանելու այն գործընթացը, որը նպատակամղված է միջազգային հանրակցության հետ Հյուսիսային Կորեայի հուսալի եւ լուրջ երկխոսության հաստատմանը մինչեւ ճգնաժամի վերջը, որն սպառնալիքի տակ է դնում անվանգությունն Ասիայում եւ ամբողջ աշխարհում»,- հավելել է նա:

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը վստահ է, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության, որը ձգտում է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով: «Սեուլն ամեն գնով ձգտում է կանխել պատերազմը: Կորեական թերակղզում ռազմական գործողություններ չեն սկսվի առանց Կորեայի Հանրապետության համաձայնության»,- ասել է պետության ղեկավարը: Մուն Չժե Ինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր ամեն ինչ անել ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար: Նա նշել է, որ ԿԺԴՀ-ի հետ երկխոսության պայմաններ կստեղծվեն, եթե նա դադարեցնի հրթիռային արձակումներն ու միջուկային փորձարկումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում