Ադրբեջանի իշխանությունները անկախ մամուլին ճնշելու համար շարունակում են ֆիսկալ մեխանիզմներ կիրառել

Ադրբեջանի իշխանությունները անկախ մամուլին ճնշելու համար շարունակում են ֆիսկալ մեխանիզմներ կիրառել

Ադրբեջանի ալիևյան բռնապետությունը անկախ մամուլին ճնշելու համար շարունակում է ֆիսկալ մեխանիզմներ կիրառել:

Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն է սկսել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունում:

Ադրբեջանի Հարկային նախարարությունը օգոստոսի 8-ին «Թուրան» լրատվական գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել է 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները քիչ է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի:

«Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնում է, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը:

Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ է հարուցել և ներկայումս նախաքննություն է ընթանում:

«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը օգոստոսի 14-ին քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին և կոչ արել վերջ տալ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների պրակտիկային:

«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը անդրադարձել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանում փոքրիշատե կենսունակություն ցուցաբերող անկախ լրատվական գործակալություններից «Թուրան»-ի նկատմամբ քաղաքական մոտիվներով իրականացվող քրեական հետապնդմանը:

Ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել «Թուրան» լրատվական գործակալության նկատմամբ իրականացվող «հարկերից խուսափելու» շինծու մեղադրանքով քրեական հետապնդումը և գործակալության ոչնչացմանն ուղղված անօրինական գործողությունները:

«Հստակ երևում է. Ադրբեջանի իշխանությունները վերջին 5 տարում առաջին անգամը չէ, որ երկրում իրավիճակն ամբողջովին հսկելու նպատակով ԶԼՄ-ների և ՀԿ-ների նկատմամբ ճնշումներ իրականացնելու նպատակով օգտագործում են ֆիսկալ մեխանիզմներ: Հայտնի է, որ անկախ մամուլի ներկայացուցիչներ «Խուրալ», «Ազատություն» թերթերի, «Ազատ Եվրոպա»/ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, Meydan TV, Kanal 13-ի և այլ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման նպատակով նախկինում կիրառվել է «հարկերից խուսափելու» շինծու մեղադրանքըց,- ասված է «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» հայտարարության մեջ:

Այստեղ նշված էր նաև, որ այս պրակտիկան կիրառվել է իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ ևս, ինչի հետևանքով այդ կազմակերպությունները մասամբ կամ ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում