Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին

Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է, անցնում իր երբեմնի բնականոն հունին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանն ասաց, որ սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները եւ շարունակում զբաղվել իրենց աշխատանքով: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնական բարդությունը կապված է ժողովրդի տնտեսական վիճակի հետ:

«Սննդամթերքի պակասի հարցեր չկան, կան միայն նյութական դժվարություններ, սակայն քաղաքի մեջ կյանքն իր աշխատանքային վիճակին է: Վերականգնված է նաեւ քաղաքի ջրամատակարարումը: Հուսանք, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ կլինի նաեւ հոսանքի պարագայում, քանի որ բավականին վերջերս հոսանք ունենում էինք օրվա մեջ ընդամենը երկու ժամով»,-ասաց պատգամավորը:

Ժիրայր Ռեյիսյանի խոսքով՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցները եւս պատրաստվում են նորամուտին:

Անդրադառնալով Հալեպի օդանավակայանին, Ռեյիսյանն ասաց, որ այն գրեթե պատրաստ է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով դեռեւս չի գործում: «Այնտեղ թռիչքներ իրականացվում են, սակայն ոչ պաշտոնական, հանրային ծառայության իմաստով»,-հավելեց նա:

Հալեպն ազատագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին: Ժողովուրդը ցնծությամբ է տոնել բազմաչարչար Հալեպի ազատագրումը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում