Հարավային Կորեան «կարմիր գիծ» է սահմանել ԿԺԴՀ-ի համար

Հարավային Կորեան «կարմիր գիծ» է սահմանել ԿԺԴՀ-ի համար

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պատմել է, թե որն է այն գիծը, որից անդին Սեուլի եւ Փենյանի հարաբերությունները արմատապես կփոխվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը:

«Ես կարող եմ ենթադրել, որ ԿԺԴՀ-ն կհատի «կարմիր գիծը», եթե վերստին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակի եւ դրանց վրա տեղակայի միջուկային մարտագլխիկներ»,– պարզաբանել է Հարավային Կորեայի ղեկավարը իր կառավարման առաջին հարյուր օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Մինչ այդ Մունը քանիցս հորդորում էր Փենյանին՝ չանցնել «կարմիրգիծը», բայց չէր պարզաբանում, թե հատկապես ինչը նկատի ունի:

Նա նաեւ հայտարարել Է, որ պատրաստ է հատուկ պատվիրակ ուղարկել ԿԺԴՀ, եթե նա դադարեցնի սադրանքները: Մուն Չժե Ինը պատրաստ է ընդառաջել Հյուսիսային Կորեայի իշխանություններին, եթե նրանք դադարեցնեն ռազմական փորձարկումները:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության: Նրա համոզմամբ՝ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով: «Այլեւս ոչ մի պատերազմ չպետք է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,- ասել է նա:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվեն Բենոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների հետ կապված հիմնախնդրի լուծման ռազմական լուծում գոյություն չունի: «Ոչ մի ռազմական լուծում չկա, մոռացեք այդ մասին: Քանի դեռ որեւէ մեկը չի լուծել հավասարման մի մասը եւ ցույց չի տվել, թե ինչպես անել, որ Սեուլում տասը միլիոն մարդ չզոհվի սովորական զենքի կիրառման առաջին 30 րոպեի ընթացքում: Այստեղ ռազմական ոչ մի լուծում չկա»,- ասել է նա:

Պեկինում ամերիկյան կողմին հայտարարել են, որ Կորեական թերակղզու իրադրությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ օգոստոսի 17-ին կայացած բանակցություններում հայտարարել է ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ Ֆան Չանլունը:

«Չինական կողմն այն հաստատ դիրքորոշումն ունի, որ երկխոսությունը եւ բանակցությունները Կորեական թերակղզու խնդիրների լուծման միակ արդյունավետ ճանապարհն են»,- ընդգծել է Չինաստանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է զսպվածություն դրսեւորի, խուսափելով այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության սաստկացման: «Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կգործի նույն այն ոգով, ինչ եւ Չինաստանը՝ համատեղ ջանքեր ներդնելով հյուսիսկորեական հրթիռամիջուկային խնդրի կարգավորման գործում»,– հավելել է Ֆան Չանլունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում